ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 122-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մարոկկոյի ներքին գործերի նախարարությանը։
«Ըստ ընթացիկ տվյալների՝ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 16։00-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 122-ի, իսկ վիրավորներինը՝ 2 421-ի»,-նշվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ի տվյալներով, զոհերի ամենամեծ թիվը՝ ավելի քան 1350 մարդ, գրանցվել է էլ Հաուզ նահանգում։
Մարոկկոյում սեպտեմբերի 9-ի գիշերը 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է Մարակեշից 80 կմ հեռավորության, 10 կմ խորության վրա: Դրան հաջորդել է առնվազն չորս հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ: Մուհամեդ 6-րդ թագավորը Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարել։