ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Մեծ քսանյակի» երկրներին կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին նա հայտարարել է Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի եզրափակիչ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Աշխարհը դեպի ավելի լավ ապագա տանելու համար անհրաժեշտ է, որ գլոբալ համակարգերը համապատասխանեն ներկա իրողություններին։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես դրա օրինակն է։ Երբ ՄԱԿ-ը ստեղծվում էր, աշխարհը բոլորովին տարբեր էր այսօրվա աշխարհից։ Այն ժամանակ ՄԱԿ-ում 51 հիմնադիր անդամ կար։ Այսօր ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը մոտ 200 է։ Չնայած դրան, ՄԱԿ ԱԽ մշտական անդամների թիվը նույնն է մնում»,-նշել է Մոդին։
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր աշխարհը շատ է փոխվել։
«Բնության օրենքն է, որ մարդիկ և ինստիտուտները, որոնք ժամանակի ընթացքում ինքնուրույն չեն փոխվում, կորցնում են իրենց արդիականությունը։ Մենք պետք է առանց նախատրամադրվածության դիտարկենք, թե ինչն է պատճառը, որ բազմաթիվ տարածաշրջանային ֆորումներ են հայտնվել տարիների ընթացքում, և դրանք նույնպես ապացուցում են իրենց արդյունավետությունը»,-հավելել է Մոդին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմակերպության մշտական գործող կառույց է, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար։ Անվտանգության խորհրդում 15 երկիր են՝ հինգ մշտական անդամ և տասը ժամանակավոր։ Մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ֆրանսիան: Նրանք ունեն վետոյի իրավունք: ԱԽ մյուս տասը անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով։
2021 թվականին Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2021-2022 թվականների ոչ մշտական անդամների թվում, իսկ 2022 թվականի օգոստոսին Հնդկաստանը նախագահել է կազմակերպությունում։ Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետ միասին Հնդկաստանը «չորսի խմբի» (G4) անդամ է։ Դրանք այն երկրներն են, որոնց զարգացման մասշտաբները համեմատելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և որոնք պահանջում են կազմակերպության մշտական անդամի կարգավիճակ: