ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ում՝ Արտաշատի մարզադաշտում, անցկացվել է ՀՀ ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը, որտեղ հայ հեռացատկորդները հայտնվել են տասնյակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Մրցաշարին հետևել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մկրտիչ Կարապետյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և այլք։
«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարին այս տարի մասնակցել է 11 հեռացատկորդ Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Ուզբեկստանից:
«Հաղթողի կոչմանն 8.07 մետր արդյունքով արժանացել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվարով Անվարը: 2-րդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Յանն Տանտելի Դանիելը (7.56 մ), իսկ լավագույն եռյակը 7.48 մետր արդյունքով եզրափակել է հույն Անտոնիոս Ստիլիանիդիսը: Հայ հեռացատկորդները եղել են 3-ը և բոլորն էլ հայտնվել տասնյակում՝ Հրաչյա Մինասյանը զբաղեցրել է 6-րդ տեղը (6.93 մ), Գոռ Հովակիմյան՝ 7-րդ (6.85 մ), Արամայիս Սարգսյանը՝ 9-րդ (6.66 մ)»,- ասված է հաղորդագրությունում։
Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը Արտաշատում
© Photo : official site of MESCS of RA
Կարեն Գիլոյանը նշել է, որ մրցաշարը բարձր մակարդակով է կազմակերպվել հիմնովին վերակառուցված մարզադաշտում, սակայն ափսոսանք է հայտնել, որ արդյունքներն այդքան էլ բարձր չեն եղել։ Նա շեշտել է, որ վնասվածքի պատճառով մրցաշարին չի մասնակցում Հայաստանի առաջատար հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:
ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն հայտնել ներկաներին, ապա ընդգծել՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտն ու ատլետիկական վազքուղին հնարավորություն են տալու կազմակերպելու բազմաթիվ միջազգային մրցումներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Արտաշատի մարզադաշտում և ծանոթացել արդեն կատարված և դեռ ընթացքի մեջ գտնվող վերանորոգման աշխատանքներին: