ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) ղեկավարությունը որոշում է կայացրել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին պաշտոնից հեռացնելու մասին՝ Ճապոնիայի հավաքականից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով DFB կայքին:
Ֆլիկի հետ միասին հավաքականից հեռացել են նրա օգնականներ Մարկուս Ցորգը և Դանի Ռալեյը:
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Գերմանիայի հավաքականը տնային ընկերական խաղում 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Ճապոնիայի հավաքականից: Խաղից հետո Գերմանիայի ազգային հավաքականի գործադիր տնօրեն Ռուդի Ֆելլերը հավաքականի ելույթը խայտառակություն է անվանել:
Ֆյոլլերը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի սեպտեմբերի 12-ին Դորտմունդում կայանալիք Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Նախկինում նա հավաքականի գլխավոր մարզիչն է եղել՝ 2000-2004 թվականներին, նրա գլխավորությամբ թիմը հասել է մինչև 2002 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ:
Ֆլիկը Գերմանիայի հավաքականը գլխավորում էր 2021 թվականի մայիսից, նրա գլխավորությամբ գերմանական թիմը չկարողացավ խմբից դուրս գալ Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ Գերմանիան «Եվրո-2024»-ի հյուրընկալող երկիրն է, ուստի ազգային թիմը մրցաշարից առաջ միայն ընկերական հանդիպումներ է անցկացնում: