ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգիչ շրջաններում Բրյուսելին տեղեկացնելու և լարվածության նվազեցմանը նպաստելու համար: Այս մասին հայտնել է առաքելության մամուլի ծառայությունը համապատասխան գրառում թողնելով X (նախկին Twitter) սոցցանցում:
«Մենք օր ու գիշեր պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի և առճակատման գծի երկայնքով, որպեսզի դիտարկենք ռազմական բնույթի ցանկացած գործողություն, այդ թվում` զորքերի կուտակում, շարժ կամ հրաձգություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ վերջին 10 օրվա ընթացքում։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ գյուղերի շրջանում տեղակայված հայկական դիրքերը՝ կիրառելով նաև հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Ագրեսիայի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը վիրավոր են։
Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանի երկայնքով արձանագրվում է Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի (ներառյալ հրետանու) զգալի ծավալների տեղափոխում և կենտրոնացում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ուժեղացրել է ապատեղեկատվական արշավը Հայաստանի դեմ՝ պարբերաբար կեղծ տեղեկություններ տալով անելով հայկական կողմից իր դիրքերի գնդակոծման մասին:
Այս ընթացքում ՀՀ ՊՆ-ն օտարերկրյա ռազմական կցորդների և դեսպանատների ներկայացուցիչների համար երկու ճեպազրույց է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։