ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի ծառայությունն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը` կապված Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» մեղադրանքների հետ:
Ռուս նախարարը G20-ի շրջանակներում իրականությանը չհամապատասխանող էր անվանել հայ պաշտոնյաների այն խոսքերը, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին:
«Ինչ-որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը (Ալեն Սիմոնյան- խմբ.), իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղը Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Դրանից հետո անմիջապես (չնայած կիրակի օրվան) հայտնվեց ՀՀ խորհրդարանի խոսնակի ներկայացուցիչ Ծովինար Խաչատրյանի մեկնաբանությունը։ Այնտեղ նշվում է, որ խորհրդարանի ղեկավարը նման բան չի ասել, և որ համապատասխան տեսանյութը կա համացանցում: Խոսքը Սիմոնյանի` վերջերս News.am գործակալությանը տված հարցազրույցի մասին է։
Ի՞նչ է ասել Սիմոնյանը
ՀՀ ԱԺ նախագահը այս հարցազրույցում «հանձնում» բառը չի օգտագործում, այն հնչել է երկու տարի առաջ (այդ մասին` ստորև)։ Բառացի մի փոքր հատված ներկայացնենք Սիմոնյանի ու News.am-ի թղթակցի երկխոսությունից։
-Զավեշտ է։ Այն միավորը (սուբյեկտը), որն այսօր պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին շրջափակման մեջ է պահում և ասում է. «Դուք եք ասել, որ ճանաչում եք (Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի հետ միասին- խմբ.), այդ պատճառով ոչինչ չենք կարող անել։
-Այսինքն դուք կարծում եք, որ Ռուսաստանը նույնպե՞ս շրջափակման մեջ է պահում։
-Իսկ ի՞նչ է անում։ Իհարկե։ Իր անգործությամբ շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը (հատվածը կարելի է դիտել տեսանյութի 06:17-06:44 վայրկյաններին)։ Ռուսաստանն այսօր հեռանում է տարածաշրջանից, փորձում է տարածաշրջանը Թուրքիայի հետ առևտրի առարկա դարձնել` իր տնտեսական շահերն առաջ տանելու համար։
Որպես իր տեսակետի օգտին փաստարկ՝ խոսնակը հիշում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը «Ռոսիա 1» հեռուստաալիքին, որը հրապարակվել էր 2020 թվականի նոյեմբերին։ Դրանում Ռուսաստանի առաջնորդը, մասնավորապես, ասում է (մեջբերում ենք բառացի` համատեքստով, այլ ոչ թե կտրված, ինչպես մեջբերում է Ալեն Սիմոնյանը):
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և Լեռնային Ղարաբաղը, և նրա հարակից բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»: («Ռոսիա 1» հեռուստաալիքի եթեր)։
Նույն հարցազրույցում Պուտինը ոչ պակաս կարևոր հայտարարություն է անում այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակը մինչ օրս կարգավորված չէ։ Այդ արտահայտության մասին, ի դեպ, հայկական ղեկավարությունը հիմա չի հիշում։
Առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» մեղադրանքներ է հնչեցնում։ Այսպես, 2021 թվականի նոյեմբերին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցելած մի խումբ ռուս լրագրողների հետ զրույցում խորհրդարանի ղեկավարն ասել է հետևյալը.
«Նույնպիսի ըմբռնում, նույնպիսի մտքեր կան հայ հասարակության շրջանում, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը…»։
Խոսնակն այն ժամանակ պատասխանում էր թղթակցի այն արտահայտությանը, թե Հայաստանը հատուկ է հանձնել Ղարաբաղը` աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար։