Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածել ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին

Մարտական դիրքում. Արխիվային լուսանկար
Ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել։ Այս մասին հայտնել են Արցախի ՊԲ-ից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։
Ավելի վաղ ՊԲ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-ին` ժամը 09:45-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում։