ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Տեղեկությունը տարածել է ադրբեջանական Կարմիր մահիկը։
Նշվում է, որ օգնությունը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները բավարարելու նպատակով: Ժամը 14:30-ին պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։