Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը

Նիկոլ Փաշինյան
Էնթոնի Բլինկենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ–ադրբեջանական սահմանի լարվածության աճի միտումները քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին»,– ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բլինկենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը, նշել, որ ԱՄՆ շարունակելու է ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ:
«ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը»,– նշված է հաղորդագրությունում:
Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և նույն հայտարարությունն արել նրանց հետ զրույցում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: