ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը այս պահին ունեն վկայի կարգավիճակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրանց փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Երեկ ուշ երեկոյան նրանք ազատ են արձակվել:
«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք որպես վկա կհրավիրվեն հարցաքննության, եթե ոչ, ապա կսպասենք հետագա զարգացումներին։ Ո՛չ խափանման միջոց, ո՛չ էլ հեռանալու մասին արգելք նրանք նկատմամբ ընտրված չէ»,– նշեց փաստաբանը։
Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ ձերբակալվածի իրավաչափության վերաբերյալ այս պահին բողոք է ներկայացվել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան։
Աշոտ Գևորգյանի մասով սեպտեմբերի 12–ին արդեն իսկ նշանակվել է դատական նիստ։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։