ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ուշ գիշերը երկրպագուները Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Առաջին հայկական ճակատը կամ, ինչպես ավելի հայտնի է, ՖԱՖ–ը (First Armenian Front) «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուները ծափահարություններով, երգերով ու գունավոր ծխագլաններով դիմավորում են հավաքականի անդամներին։
Նրանք վերադառնում էին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքից, որտեղ երեկ ուշ երեկոյան անցկացվեց Եվրո–2024–ի ընտրական D խմբի հերթական տուրի խաղը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 1։1 հաշվով ավարտեց Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի երեք օր անց։ Սեպտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին սեփական հարկի տակ մրցելու է Խորվաթիայի հավաքականի հետ։