ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X–ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհվածների ընտանիքներին։
«ՀՀ ԱԳՆ–ն ցնցված է Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել»,– նշել են գերատեսչությունից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժած բոլոր անձանց:
Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, ևս 1204 մարդ վնասվածքներ են ստացել։