Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Թուրքիայի հետ խաղում. 1։1

Արտակ Դաշյանի գոլը Թուրքիա–Հայաստան խաղին
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել էր, որ Եվրո-2024-ի ընտրական փուլում Թուրքիային պարտվելը մեզ կզրկի Եվրոպայի առաջնության ուղեգրերից։ Մեզ հաղթանակ էր հարկավոր, և վերջ։ Եվ մենք շատ մոտ էինք մեր նպատակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի` 1։1 ավարտեց հանդիպումը Թուրքիայի հավաքականի հետ խաղում։
Չնայած Թուրքիայի հավաքականի երկրպագուների ահռելի աջակցությանը`Հայաստանի հավաքականը շատ լավ սկսեց ընտրական խաղը, ու թուրքերին ոչ մի կերպ չէր հաջողվում տիրել նախաձեռնությանը։ Հանդիպման մեկնարկից առաջ, երբ մեր հավաքականի ֆուտբոլիստները շրջան էին կազմել, թիմի ավագը՝ Վարզադատ Հարոյանը, մարտական կոչեր էր անում, և դա կարդացվում էր նրա շուրթերից։ Մեր ընտրանին իսկական կռիվ էր տալիս։
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը
Վտանգավոր գրոհներ էլ էինք անցկացնում, վտանգավոր հարվածում էինք (Արտակ Դաշյան, Էդուարդ Սպերցյան), ունեինք գոլ խփելու հնարավորություն, բայց մրցակիցն էլ միշտ վտանգ էր ներկայացնում։ Եվ նման լարված ու անհաշտ խաղի մոտ 40 րոպեների ընթացքում երկու թիմերը միասին կանոնների 3 խախտում էին թույլ տվել։ Մի խոսքով` ֆուտբոլային հիանալի ներկայացնում։
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին դաշտի տերերը մի փոքր ակտիվացան, սակայն գոլ կարող էին խփել մերոնք։ Իվու Ուգուչուկվույի հիանալի խաղից ու փոխանցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ Վահան Բիչախչյանը և շատ լավ հարված կատարեց, բայց մի փոքր շեղ։Կողմերը ընդմիջման գնացին ինչպես որ սկսել էին խաղը՝ 0։0։
Երկրորդ խաղակեսը շատ լավ մեկնարկ ունեցավ մեր հավաքականի համար։ Նաիր Տիկնիզյանը ձախ եզրից լայնակի փոխանցում կատարեց, Հրանտ Լեոն Ռանոսը պայքարեց գնդակի համար, մրցակցի պաշտպանը սխալվեց, և այս ամենի վերջակետը դրեց Արտակ Դաշյանը` առաջ մղելով մեր հավաքականին։ Մի քանի րոպե անց Դաշյանը կարող էր գոլային փխանցման հեղինակ դառնալ, բայց վրիպեց Հրանտ Լեոն Ռանոսը։
Թուրքիա–Հայաստան խաղը
Հետագայում մեր հավաքականն արդեն ավելի մեծ ուշադրություն էր դրսևորում պաշտպանությանը։ Ինչ որ տեղ էլ դա ստիպում էր մրցակիցը։ Բայց մեր ֆուտբոլիստները, մեկը մյուսին ապահովագրելով ու շատ հաճախ նաև անձնուրաց ու անմնացորդ խաղով կարողանում էին չեզոքացնել մրցակցի առաջացրած սպառնալիքները։ Անհանգստություն էր առաջացնում միայն դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, որը սկսեց սխալվել պարզ իրավիճակներում։ Եվ հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ մեր թիմը դիրքային ցավալի վրիպում թույլ տվեց ու բաց թողեց պատասխան գնդակը։
Մրցավարի կողմից ավելացված 8 րոպեների ընթացքում թուրքերը փորձեցին պաշարել մեր տուգանային հրապարակը։ Բայց մենք կարող էինք կորզել հաղթանակը, եթե Էդուարդ Սպերցյանը հասներ գնդակին։ Ափսոս, շատ մոտ էինք հաղթանակին, բայց ոչ պակաս կարևոր է, որ չպարտվեցինք թուրքերին, ընդ որում առաջին անգամ։
Մեր ընտրական խմբում Խորվաթիայի հավաքականը 5։0 հաշվով հաղթանակի հասավ Լատվիայի ընտրանու նկատմամբ, և միավորներով հավասարվեց Հայաստանի հավաքականին։ Թիմերը ունեն յոթական միավոր, առաջատարը շարունակում է մնալ Թուրքիան, որը վաստակել է 10 միավոր։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է երեք օր անց։ Սեպտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին սեփական հարկի տակ մրցելու է Խորվաթիայի հավաքականի հետ։
Թուրքիա–Հայաստան խաղ