ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. G20-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը հարված էր արևմտյան երկրներին՝ Ուկրաինային աջակցելու հարցում գլոբալ կոնսենսուսի բացակայության պատճառով: Այս մասին գրում է բրիտանական «Financial Times» թերթը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել, որ G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի` ուկրաինական ճգնաժամին վերաբերող հատվածում Կիևին գոհացնող հակառուսական ձևակերպումներ չկան:
«Դիվանագետների միջև մի քանի շաբաթ տևած բանակցությունների ընթացքում մշակված այս հայտարարությունը հարված էր արևմտյան երկրներին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում փորձում էին համոզել զարգացող երկրներին, որ դատապարտեն Մոսկվային և աջակցեն Ուկրաինային», - նշում է պարբերականը:
Ըստ թերթի` G20-ի` Ուկրաինայի վերաբերյալ ձևակերպումները խոսում են Կիևին սատարելու գլոբալ կոնսենսուսի բացակայության մասին:
«Նյու Դելիի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում խոսվում է միայն «Ուկրաինայի պատերազմի» մասին։ Ձևակերպում, որը Կիևի կողմնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, նախկինում մերժում էին, քանի որ այն ենթադրում է, որ երկու կողմերն էլ հավասարապես ներգրավված են դրանում», - նշում է «Financial Times»-ը:
Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Խմբի առաջնորդների գագաթաժողովը կազմակերպվել է Նյու Դելիում սեպտեմբերի 9-10-ը: Հրավիրված են «քսանյակի» երկրների ու ևս ինը պետությունների ղեկավարներ՝ Բանգլադեշ, Եգիպտոս, Իսպանիա, Մավրիկիոս, Նիգերիա, Նիդեռլանդներ, ԱՄԷ, Օման և Սինգապուր: