Երևանում ամենաբարդ խաղն է լինելու. Խորվաթիայի գլխավոր մարզիչը՝ առաջիկա հանդիպման մասին

Զլատկո Դալիչ
Գալիչի խոսքով` Հայաստանի հավաքականի վերջին արդյունքը խոսում է այն մասին, որ այդ թիմին չի կարելի թերագնահատել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի ընտրական փուլի` Երևանում կայանալիք հանդիպումն ամենադժվարն է համարում: Նա այդ մասին ասել է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
«Առաջիկայում արտագնա հանդիպում ենք ունենալու, որը թերևս ամենաբարդն է։ Եվ երկուշաբթի մենք պետք է աչալուրջ լինենք: Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում», - ասել է խորվաթ մասնագետը։
Գալիչը նշել է, որ Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղում Հայաստանի հավաքականի ոչ-ոքին խոսում է այն մասին, որ այդ թիմին չի կարելի թերագնահատել:
Հիշեցնենք` երեկ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ուշ երեկոյան անցկացվեց Եվրո–2024–ի ընտրական D խմբի հերթական տուրի խաղը։ Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 1։1 հաշվով ավարտեց Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի երեք օր անց։ Սեպտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին սեփական հարկի տակ մրցելու է Խորվաթիայի հավաքականի հետ։
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը հրաժարական է տվել