Երևանի ընտրողների վերջնական ցուցակները կհրապարակվեն սեպտեմբերի 10–ին

Երևանի ավագանու ընտրություններ. արխիվային լուսանկար
Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են դիմում ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. 2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները կհրապարակվեն սեպտեմբերի 10-ին police.am կայքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, կարող են դիմում ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի ընտրողները police.am–ում կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։
ԿԸՀ–ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն ու մեկ դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
«Հանրային ձայն» կուսակցություն,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
«Հաղթանակ» կուսակցություն,
«Ապրելու երկիր» կուսակցություն,
«Հանրապետություն» կուսակցություն,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
«Արդար Հայաստան» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 275 մլն դրամ։