Էրդողանը G20-ին խնդրել է կատարել ՌԴ-ի պահանջների մի մասը. ԶԼՄ

ԶԼՄ–ի աղբյուրներն ասել են, թե կոնկրետ ինչ է խնդրել Թուրքիայի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի առաջնորդներին կոչ է արել կատարել Ռուսաստանի որոշ պահանջները հացահատիկի գործարքը վերականգնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը:
Ինչպես նշում են աղբյուրները, Էրդողանն այդ մասին խոսել է առաջնորդների հետ փակ հանդիպումների ժամանակ։
Երեք թուրք պաշտոնյաների տվյալներով՝ Թուրքիան համաշխարհային առաջնորդներին խնդրել է աջակցել «Lloyd 's of London» ընկերության կողմից պարենի և պարարտանյութի ռուսական արտահանման ապահովագրմանը, ինչպես նաև Մոսկվային միացնել SWIFT միջազգային վճարումների համակարգին:
Հիշեցնենք` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին հանդիպել էին Սոչիում: Պետությունների ղեկավարները քննարկել էին հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:
Էրդողանը Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է որակել
Պուտինը հայտարարել էր` ՌԴ-ն պատրաստ է վերակենդանացնել հացահատիկի գործարքը և դա կանի իսկույն ևեթ, հենց որ կատարվեն բոլոր արձանագրված պայմանավորվածությունները։ ՌԴ նախագահը նշել էր, որ չնայած բոլոր խոչընդոտներին` Ռուսաստանը մտադիր է շարունակել պարենամթերք և պարարտանյութեր արտահանել, նպաստել գների կայունացմանն ու համաշխարհային գյուղատնտեսական ոլորտում իրավիճակի բարելավմանը:
Հիշեցնենք նաև, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվեց հուլիսի 18-ից. ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին ծանուցել էր դրա երկարաձգման դեմ առարկության մասին: