ԵՄ–ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունները

Եվրամիության դրոշներ
Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչ է անում համախմբվել ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունները։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Ազգային ժողովն այսօր Սամվել Շահրամանյանին ընտրել է Արցախի նախագահ։ Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10–ին։

«Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ քննարկումներում»,- ասված է ԵՄ–ի հայտարարության մեջ:

Եվրամիությունը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Արցախի Ազգային ժողովն այսօր երկրի նախագահի ընտրության հարցով հատուկ նիստ էր գումարել։ Նախագահի միակ թեկնածուն Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանն էր։ Առաջադրվել էր նաև ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն գրանցումը մերժվել է։