Դիմակավորված անձինք տապալեցին գետնին. Գևորգյանն ու Բադալյանը` իրենց ձերբակալության մասին

Աշոտ Գևորգյան
Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում գտնվելիս գոհ են եղել իրավապահների վերաբերմունքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանին ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին Գորիսի հյուրանոցի մոտ ձերբակալել են դիմակավորված անձինք` ԱԱԾ տարբերանշանով։ Նրանք իրենց ձերբակալության մանրամասները պատմել են Sputnik Արմենիային։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Երեկ ուշ երեկոյան նրանք ազատ են արձակվել:
«Մինչև փորձեցի հասկանալ` ինչ է կատարվում, արդեն գետնին էի` ձեռնաշղթաներով։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ուշ երեկոյան Ջերմուկից Գորիսի հյուրանոց էինք գնացել և պատրաստվում էինք հաց ուտել»,– ասաց Աշոտ Գևորգյանը` նշելով, որ դիմակավորված անձինք իրեն ու Միկա Բադալյանին տարել են Գորիսի ԱԱԾ քննչական բաժին։
Գևորգյանի ու Բադալյանի հետ ևս 2 մարդ է եղել։ Աշոտ Գևորգյանը նրանցից մեկին` Նիկոլայ Քոչարյանին, վաղուց է ճանաչում, իսկ մյուսին` Մուշեղին, գիտի ակցիաներից։
Գևորգյանի պատմելով` Մուշեղն իրենից մեքենայի բանալին ուզել է, որ իր իրերը հյուրանոց տեղափոխի, ու հենց այդ ժամանակ եկել են ԱԱԾ աշխատակիցները։
Աշոտ Գևորգյանի համար տարօրինակ է, որ իրեն հրազեն և ռազմամթերք իրացնելու մեջ են փորձում մեղադրել։
«Ի՞նչ զենք–զինամթերք, իմը ձայնագրիչն է ու ականջակալները. ես պտտվում եմ ՀՀ մարզերով ու ստեղծում իմ «Մենք» հաղորդաշարը... Հետո բաներ կային, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չեմ կարող ասել, բայց տեսածիցս ապշել էի»,– նշեց Գևորգյանը։
Գևորգյանը չի բացառում, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ հստակ համընկնումներ է տեսնում վերջին շրջանում ՀՀ–ում ակտիվացած հակառուսական տրամադրությունների հետ։
«Ես նորմալ եմ համարում, որ ՌԴ ամենաբարձր մակարդակով մեր ձերբակալումը մեծ հնչեղություն ստացավ, քանի որ վերջին շրջանում ՀՀ ամենաբարձր պետական մակարդակներով հակառուսական հայտարարություններ ու քայլեր են իրականացվում»,– նշեց նա։
Նա և Միկա Բադալյանը ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում գտնվելիս գոհ են եղել իրավապահների վերաբերմունքից։
«Եղել է շատ մարդկային ու օրենքի սահմաններում վերաբերմունք։ Ես շաքարային դիաբետ ու սրտի խնդիրներ ունեմ, ու նրանք անմիջապես դեղերս բերեցին։ Ծխախոտ էլ տվեցին»,– պատմեց Գևորգյանը։
Ինչ վերաբերում է մեքենային, ապա այն դեռ իրավապահների մոտ է։
Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը ևս գոհ է եղել ՁՊՎ–ում իր նկատմամբ վերաբերմունքից։ Իսկ ինչ վերաբերում է ձերբակալությանը, ապա նա սպասում էր, որ նման մի բան տեղի կունենա։
«Սակայն ես չէի պատկերացնում, որ նման դիմակավորված շոուով ինձ կձերբակալեն»,– նշեց նա։
Բլոգերը վստահ է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ըստ նրա պատմածի` դա են վկայում նաև քննչական բաժին տանելու ճանապարհին ԱԱԾ աշխատակիցների զրույցներն իր հետ։
«Երբ ԱԱԾ–ն ինձ տանում է բաժին, ու դիմակավորված անձինք ասում են` Միկա, դու սկսել ես չափից շատ խոսել, մտածիր քո պահվածքի մասին, սրանից ավելի մեծ ապացո՞ւյց քաղաքական հետապնդման մասին»,– ընդգծեց բլոգերը։
Միկա Բադալյանը նշեց, որ իր առողջական վիճակն այնքան էլ լավ չէ. գիշերվա ընթացքում երկու անգամ ջերմել է, շտապօգնություն է եկել։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։
Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը վկայի կարգավիճակ ունեն. փաստաբան