ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ–ադրբեջանական սահմանի լարվածության միտումները քննարկել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին»,– ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատման:
Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը:
Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ պատրաստակամ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և նույն հայտարարությունն արել նրանց հետ զրույցում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: