ԶԼՄ–ների դերը հայ-ռուսական հարաբերություններում դժվար է գերագնահատել. Կոստին

Ռուս մեդիամենեջերի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարող են օրինակ լինել հետխորհրդային շատ երկրների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում հսկայական դեր ունեն լրատվամիջոցները, նրանցից պահանջվում է առավելագույն պատասխանատվություն։ Այս մասին Երևանում հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ ասել է «Գազպրոմ–Մեդիա Ռադիո» ՍՊԸ–ի նախագահ Յուրի Կոստինը։
«Մենք պետք է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվենք համատեղ աշխատանքին և ձգտենք զարգացնել փոխըմբռնումը։ Պետք է հասկանալ, որ մեդիա հարթակներում մարտական գործողություններն անողոք են ընթանում։ Ցանկացած անզգուշություն կարող է հանգեցնել բացասական հետևանքների»,– ասել է Կոստինը։
Նա համոզված է, որ շատ առումներով լրատվամիջոցներից, նրանց մոտեցումից է կախված, թե ինչպիսին կլինի երկու եղբայրական ժողովուրդների հարաբերությունների հետագա ընթացքը:
Ռուսաստանը միշտ բաց է հայ լրագրողների հետ համագործակցության համար. ՌԴ փոխնախարար
«Երևանի փողոցներում տեսնում եմ ժպտացող դեմքեր, ռուսերենն ընկալվում է որպես մայրենի։ Ես շատ կցանկանայի, որ դա պահպանվեր»,– նշել է Կոստինը։
«Գազպրոմ–Մեդիա Ռադիոյի» ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է օրինակ լինեն հետխորհրդային տարածքում մնացած բոլոր երկրների համար: Օրինակ, թե ինչպես կարելի է ինքնիշխանության անվերապահ հարգմամբ պահպանել բարիդրացիական հարաբերությունները, առանձնացնել բացասականը դրականից և դրա վրա կառուցել ժողովուրդների միջև հարաբերությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվում է հայ–ռուսական մեդիաֆորում, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:
Մի՛ տրվեք սադրանքներին. Զախարովայի ուղերձը` հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին