ՀՀ–ում օգոստոսին արձանագրված գնանկումը հիմնականում տեղի է ունեցել միրգ–բանջարեղենի սեզոնային էժանացման ու ՌԴ–ից ներմուծվող էժան պարենամթերքի հաշվին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական գների ինդեքսի վերջին ցուցանիշները։
«Գիտենք, որ ամռան սկզբում մրգի, բանջարեղենի գները բավական բարձր են լինում, այնուհետև նվազում են։ Եվ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների մեջ դա հստակ երևում է»,– ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է ներկրվող սննդամթերքին, ապա, Կարեն Սարգսյանի խոսքով, հիմնականում էժանացել է ՌԴ–ից ներմուծվող ապրանքը` նախ ռուբլու արժեզրկման, ապա` հենց ՌԴ–ում նկատվող գների անկման արդյունքում։
«Միջազգային սահմանափակումներով պայմանավորված՝ ՌԴ–ում իրացման լուրջ խնդիրներ կան, ու ապրանքների մեծ պաշարներ են կուտակվել։ Առաջարկը պահանջարկին գերակշռում է. շուկայում անհամամասնություններ կան, և ըստ այդմ գները վերանայվում են»,– պարզաբանում է Սարգսյանը։
Բացի այդ, ՀՀ–ում գների վրա, տնտեսագետի համոզմամբ, ազդեցություն է ունեցել նաև ՀՀ Կենտրոնական բանկի` տևական ժամանակ իրականացրած գնաճի զսպման քաղաքականությունը։
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2023–ի օգոստոսի դրությամբ սպառողական գները ՀՀ–ում մեկ տարում նվազել են 0.2 տոկոսով, պարենային ապրանքների գները` 0.4-ով։
Ամենից շատ էժանացել են յուղերն ու ճարպերը` 21.6 տոկոսով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը` 7.9 տոկոսով, միրգ–բանջարեղենը` 3.3-3.7 տոկոսով։
Ամենից շատ թանկացել են ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 8.6 տոկոսով։ Հանքային ջրերը թանկացել են 4 տոկոսով, կաթնամթերքը` 2.2, թեյն ու սուրճը` 1.9 տոկոսով։
Ոչ պարենային ապրանքներից 5.2 տոկոսով թանկացել է հագուստը, 2.1 տոկոսով՝ առողջապահական ծախսերը, 5.4 տոկոսով թանկացել են ռեստորանների ու հյուրանոցների գները, 1.5 տոկոսով` հանգստի ու մշակույթի ծառայությունները։
Կարեն Սարգսյանը ևս նկատում է, որ ոչ պարենային ապրանքների ու ծառայություննրի գները վերջին 1 տարում ոչ միայն չեն նվազել, այլև շարունակել են բարձրանալ պահպանվող բարձր պահանջարկի պատճառով։ Բայց, քանի որ վերը թվարկված սննդամթերքի առանձին խմբերում գների նվազումն ավելի կտրուկ է եղել, այն դրական է ազդել գնագոյացման միջինացված ցուցանիշի վրա` ապահովելով տարեկան գների 0.2 տոկոսանոց անկում։