ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իվան Մելնիկովը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
«Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցել նրանց իրավունքների և խոսքի ազատության իրավունքի պահպանման ու պաշտպանության համար, այդ թվում՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց ձերբակալության համար մեղավոր անձանց հրապարակային պատասխանատվության ենթարկելու միջոցով» - ասված է Մելնիկովի դիմումում։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ օրենքների և այլ նորմատիվ փաստաթղթերի նորմերի համաձայն` լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումն անթույլատրելի է, լրագրողները և ԶԼՄ-ների մյուս աշխատողները պետք է իրենց երկրում կամ արտերկրում օգտվեն պաշտպանությունից, լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պաշտպանության ներքո։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։