ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում գտնվող Պուշկինի թունելը սեպտեմբերի 11-15-ը ժամանակ առ ժամանակ փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այն փակ է լինելու ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00–ը։
«Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր–Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-8-ն էլ դադարեցվում է Դիլիջանի թունելի երթևեկությունը։ Ճանապարհը բարեկարգելու համար ուսումնասիրություններ են կատարվում։
Աշխատանքները տարվում են 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00–ի սահմաններում։
Նշված ժամանակահատվածում տվյալ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով: