ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կարող է դուրս մնալ Հայաստանի Պրեմիեր լիգայից՝ տնային հանդիպումներ անցկացնելու համար մարզադաշտ չունենալու պատճառով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խզել է «Փյունիկի» հետ Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը տնային հանդիպումներ անցկացնելու համար տրամադրելու պայմանագիրը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
«Թե որն է պատճառը` մենք գիտենք, դա ֆուտբոլի հետ ոչ մի կապ չունի, բայց հիմա չենք ուզում մեկնաբանություն տալ։ Այսօր մեր հավաքականի համար, որտեղ նաև «Փյունիկի» ներկայացուցիչներն են խաղում, շատ կարևոր խաղային օր է։ Ես ուզում եմ, որ նրանք այսօր միայն այդ խաղի վրա կենտրոնանան»,– ասաց նա։
Արթուր Սողոմոնյանը ապշած է, որ ՀՖՖ–ն հենց այսօր է որոշել խզել պայմանագիրը, երբ ազգային հավաքականը խաղում է Թուրքիայի դեմ։
«Կա նաև Խորվաթիայի հետ տնային խաղ, դա էլ է շատ կարևոր, դրանից հետո միայն կխոսենք ամենի մասին»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:
Նշենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՖՖ-ն «Փյունիկին» հնարավորություն չէր տվել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տնային հանդիպումներ անցկացնել։