ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սթափության կոչ է անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին։ Նա հայտարարությունն է տարածել։
«Կոչ եմ անում չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով»,– ասված է հայտարարությունում։
Նա ընդգծել է, որ Արցախը ունի բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը, ու հորդորել է որևէ գործողությամբ չնպաստել ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:
«Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով»,– նշել է Իշխանյանը։
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը հիշեցրել է, որ երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է խորհրդարանի վրա: Ուստի բացառապես Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին է վերապահված հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունը, ինչն էլ իրականացվել է սահմանված կարգով:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ին, երկրի նախագահի ընտրության հարցով հատուկ նիստ կգումարի։ Նախագահի թեկնածուն Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ Առաջադրվել էր նաև ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն գրանցումը մերժվել է։