Մարդկային այս թուլությունից լիուբոլ օգտվել են աշխարհի երևի թե բոլոր երկրների, այդ թվում, իհարկե, Հայաստանի իշխանությունները։ Ահա թե այս առիթով ինչ է գրում սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը. «Մեր գյուղում մի խաբեբա կար։ Երբ հարցնում էինք, թե ինչու է մարդկանց խաբում, պատասխանում էր՝ ես չեմ խաբում, իրենք են խաբվում։ Ահա, այսպես խաբեցինք ու խաբվեցինք, մինչդեռ արժանապատիվ ապրելու մեծ հնարավորություն ունեինք։ Ցավալին այն է, որ խաբվելով շարունակում ենք խաբողներին մեղադրել, իսկ նրանք մեկ ու մի շարք անգամներ խաբվածին կրկին հիմարացնելու համար առանձնապես ջանք չեն գործադրում»։
Ի դեպ, մասնագետները պնդում են, որ հասարակ մարդը օրական առնվազն մի հինգ անգամ ստում է։ Գնում ես աշխատանքի, հանդիպում ես այն ծանոթին, որին ամենևին չէիր ուզենա հանդիպել, հարցնում է՝ «Ինչպե՞ս ես», ասում ես՝ լավ եմ, թեև իրականում ամենևին լավ չես, վերջում էլ կրկին ստում ես՝ շատ ուրախ էի քեզ տեսնելու, հասնում ես աշխատավայր ու մի բան էլ այնտեղ ես հորինում՝ ուշացումդ արդարացնելու համար, և այդպես շարունակ։
Բայց այդ, բոլոր ստերը, կարելի է ասել, անմեղ են, դրանք չես համեմատի այն ստի հետ, որը չարդարացված սպասումներ է առաջացնում մարդկանց մոտ կամ նույնիսկ կարող է վնասել միջպետական հարաբերություններին։ Ահավասիկ, սոցիալական ցանցերում զետեղված մեկնաբանություններից մեկը. «Ովքեր տարածում են, թե շուտով Հայաստանը ՆԱՏՕ-ի մեջ կընդգրկեն, կա′մ անգրագետ դիլետանտներ են, կա′մ խարդախ ավանտյուրիստներ։ Վրաստանին նայեք, իրենք 100 անգամ ավելի հարմար վիճակում են որպես թեկնածու, բայց արդեն 20 տարի է՝ ՆԱՏՕ-ի դուռն են ծեծում, իսկ դռան հետևից նրանց երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս։ Վտանգավորն էն ա, որ նման ստեր տարածողների պատճառով ողբերգական իրադարձություններ կարող են սպասել մեր երկրին»։
Ի դեպ, քանզի Վրաստանը հիշատակվեց, փաստենք, որ հիմա այդ երկրում գտնվող Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ժոզեպ Բորելը, հայտնել է, որ Եվրամիությունը Վրաստանին 62 միլիոն եվրո է տրամադրել պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով։ Նկատե′ք, Եվրամիությունը պաշտպանությունն ամրապնդելու համար տասնյակ միլիոններ է հատկացնում Վրաստանին, որին որևէ հարևան չի սպառնում, և մի քանի տասնյակ դիտորդներ է գործուղում Հայաստան, որը շատերի կարծիքով, նոր պատերազմի եզրին է գտնվում։ Ինչպե՞ս են այդ դիտորդները կանխելու պատերազմը, տրամաբանական հարց է տալիս օգտատերերից մեկը՝ շարունակելով.
«Եվրադիտորդների առաքելությունը հատկապես ինչո՞վ է թուլացնում լարվածությունը, ո՞վ կարա բացատրի։ Դեմքի լուրջ արտահայտությամբ որ ասում են, թե տեղում իրենց ներկայությամբ թուլացնում են լարվածությունը, ուզում եմ լրջորեն ընկալեմ, չի ստացվում։ Իսկ հետաքրքիր է՝ մայիս ամսին նույն եվրադիտորդները մասնավորապես ինչո՞վ թուլացրին ադրբեջանական սադրանքը կամ ի՞նչ մեխանիզմներ ունեն թուլացնելու։ Մեր իշխանություններն էլ ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվելու փոխարեն թող հասնեին նրան, որ այդ զորավարժություններն անցկացվեին Հայաստանում՝ հենց այդ թեժ կետերի մոտակայքում, ոչ թե ինֆանտիլ դիտորդական առաքելություններով մոլորեցնեին բոլորին»։
Այս թեման շարունակում է «Ֆեյսբուքի» մեկ այլ օգտատեր։ Մեջբերեմ. «Մինչ Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանում և, հավանաբար՝ Արցախում, զորքեր է կուտակում սահմանին, վարժանքներ իրականացնում, ռազմական հավաքներ կազմակերպում, որոնք ավելի շատ մոբիլիզացիա են հիշեցնում, Հայաստանը կատարում է ճիշտ հակառակ քայլերը: Ասենք, քանդում են Էրեբունի աերոդրոմի թռիչքուղին, իբր, վերանորոգման պատրվակով, որպեսզի ռուսական ավիացիան արգելափակվի և հարկ եղած դեպքում չկարողանա գործել, կամ լուրջ խոչընդոտներ ստեղծվեն նրա համար: Ամերիկացիների հետ զորավարժություններ են անցկացնում՝ առաջացնելով ռուսական կողմի ցասումը, դրանից առաջ հրաժարվելով ընդունել ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում, որոնց արդյունքում բերված սպառազինությունները կմնային Հայաստանին, այսինքն՝ ռեալ օգուտ կլիներ երկրին: Ինչպե՞ս բացատրենք Հայաստանի իշխանությունների նման վարքագիծը»,- տարակուսում է գրառման հեղինակը։
Իսկ օգտատերերից մեկը արցախցի դպրոցականի օրինակով հիշեցնում է Ստեփանակերտի այսօրվա իրականությունը. «Առավոտյան ոտքով կիլոմետրերով ճանապարհ գնալուց հետո նա սոված գալիս է դպրոցից և հացի հերթ կանգնում, նույնիսկ շորերը չի փոխում։ Նստած սպասում է։ Մեկ-մեկ գիրքն է բացում մի բան կարդալու համար, մեկ-մեկ էլ նայում, որ իր հերթից հանկարծ առաջ ընկնող չլինի։ Սա է այսօրվա իրականությունը. 21-րդ դարում դպրոցահասակ երեխան չգիտի՝ դա՞ս սովորի, թե՞ հացի հերթ կանգնի»։