ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի մտադրություն չունի, Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են. ԱԳՆ

Հայաստանը շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Այս մասին հայտարարում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտաքին գործերի գերատեսչությունը կեղծ է որակել Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։
«ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար»,– ասված է հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ–ն հրավիրում է տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել էր բանակցություններից խուսափելու, քաղաքական և ռազմական սադրանքներ հրահրելու մեջ: