Հավաքականի ներկա կազմը ուժեղ է, բայց թուրքերի հետ պետք է խաղալ կրքով և խելքով. Գրիգորյան

Ալեքսանդր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Թուրքիա–Հայաստան խաղի նշանակությունն ավելի բարձրացավ ընտրական փուլի արդեն կայացած խաղերից հետո։ Հայաստանի հավաքականի մեկնարկը վատը չէր, բայց մեր գլխավոր մարզիչը թուրքերի հետ խաղը որակել է չափազանց կարևոր և բախտորոշ ընտրական խմբում հաջողության հասնելու ճանապարհին։
Sputnik
Եվրո-2024-ին ընտրական փուլում Թուրքիայի հավաքականի հետ խաղում հաջողության հասնելու համար մեր հավաքականի ֆուտբոլիստներին հարկավոր է խաղալ կրքով և խելքով, և միայն այդ դեպքում կարելի է ակնկալել հաջողություն։ Այսպես է մտածում հայտնի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին, ընդ որում` և՛ ակումբային, և՛ ազգային հավաքականների մակարդակով։ 2019-21 թվականներին Գրիգորյանը մարզել է «Ուրարտուն» և «Ալաշկերտը»։ Եղավ մի պահ, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրա նշանակումը կարծես թե որոշված էր, բայց հետո անհասկանալի պայմաններում դա տեղի չունեցավ։ Գրիգորյանը փորձառու մասնագետ է, և Թուրքիայի հավաքականի հետ ծանրագույն խաղից առաջ Sputnik Արմենիան զրուցել է նրա հետ։
-Պարոն Գրիգորյան, ինչպես կգնահատեք Ալեքսանդր Պետրակովի աշխատանքը Հայաստանի հավաքականում։
-Պետք է խոստովանեմ, որ ազգային հավաքականի ներկայիս մարզիչի աշխատանքն արժանի է դրական գնահատականի։ Նա որակյալ խաղի պատկեր է ստեղծել, թիմն ունի խաղային իր ոճը։ Ներկայիս կազմը պոտենցիալ ամենաուժեղն է հայկական ֆուտբոլի նորագույն պատմության մեջ։
-Ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հանդիպման վերաբերյալ։
- Հաջողության համար մեր ֆուտբոլիստները պետք է հնարավորինս հեռու մնան հոգեբանական ճնշումից։ Պատմական և քաղաքական գործոնները ոչ թե խրախուսում են, այլ լրիվ հակառակը` նյարդայնացնում են խաղացողներին։ Պետք է կենտրոնանալ սպորտային հաղթանակի վրա, և այլ բաների մասին չմտածել։ Հայ ֆուտբոլիստները պետք է առանց ագրեսիայի մտնեն Թուրքիայի հավաքականի հետ խաղի մեջ։
-Ժամանակին դուք նշում էիք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պետք է հայ լինի և խոսի հայերեն։ Փոխե՞լ եք ձեր կարծիքը։
-Ոչ, ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին։ Ես համոզված եմ, որ Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է հայ լինի։ Եվ ոչ միայն ծագումով, այլ պետք է վարժ խոսի հայերեն և ունենա հայերին բնորոշ ազգային հոգեկերտվածք։ Սրանք շատ կարևոր պայմաններ են, և ես գտնում եմ, որ հաջողության գրավական են հավաքականի համար։
Նշենք, որ Եվրո-2024-ին ընտրական խմբում Հայաստանի հավաքականը 3 խաղերից հետո ունի 6 միավոր ու այս պահին աղյուսակի երկրորդ տեղում է։ Թուրքերին հաղթելու դեպքում մեր թիմը կհավասարվի մրցակցին միավորներով ու կկարողանա բարձր տրամադրությամբ մոտենալ սեպտեմբերի 11–ին կայանալիք Խորվաթիայի հավաքականի հետ խաղին։