ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի ընտրական պայքարի առաջին խաղում հյուրընկալել էր Ալբանիայի իր հասակակիցներին և պարտվեց 1։2 հաշվով։
Հանդիպման մեկնարկին մեր երիտասարդականի ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին, և անընդհատ տեղաշարժերով փորձում էին գտնել հաջողության բանալին։ Եղան վտանգավոր գրոհներ, և հարվածներ, սակայն սխալ պաշպանությունը լրիվ հակառակ էֆեկտը տվեց։ Սեփական տուգանայինի մատույցներում գնդակը կորցրեց Սերգեյ Մուրադյանը, և ալբանացիներն անմիջապես պատժեցին մեր թիմին։ Սթիվեն Շպենդին առաջ մղեց հյուրերին։
Առաջին հայացքից մեր թիմը չընկրկեց բաց թողած գոլից հետո, բայց գոլային պահ ստեղծել մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում։ Բացի այդ շարունակվեցին դիրքային սխալները մեր խաղացողների կատարմամբ։ Ալբանիայի երիտասարդականի անկյունայինից հետո մեր տուգանային հրապարակում կար հայ յոթ ֆուտբոլիստ, բայց Արլինդ Ռեջեպիին ոչ ոք չհասցրեց խանգարել դիպուկ հարված կատարելու ժամանակ։ Չնայած նրան, որ մեր երիտասարդականն այնքան էլ վատ չէր խաղում, սխալները փաստի առաջ կանգնեցրին Ռաֆայել Նարզարյանի թիմին մինչև ընդմիջում՝ 0։2։
Երկրորդ կեսում մեր հավաքականն անմիջապես փորձեց հետ բերել կորցրածը, սակայն խաղը գնալով մոտենում էր ավարտին, բայց ոչ մի փոփոխություն չկար։ Խաղի 67-րդ րոպեին մարզադաշտի լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով հանդիպումն ընդհատվեց։ Մոտ 7-ր րոպեից խաղը վերսկսվեց, ու անմիջապես Գոռ Մանվելյանը կարող էր կրճատել հաշիվը, բայց հարվածը շեղ ստացվեց։ Իսկ խաղավերջում կտրուկ հակագրոհի շատ գեղեցիկ ու դիպուկ հարվածով Գևորգ Տարախչյանը կրճատեց հաշիվը՝ 1։2։ Բայց ավելին անել մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց։ Առաջին խաղում պարտվեցինք։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական խմբի հաջորդ հանդիպումը Աբովյանում անցկացնելու է սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը մեր երիտասարդների մրցակիցն է լինելու Չեռնոգորիայի հավաքականը։