ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` X-ի իր միկրոբլոգում ներկայացնելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:
«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է նա։
Արձանագրությունն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Միրզոյանն ԱՄԷ–ում արդեն հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ։