Գևորգյանի և Բադալյանի ձերբակալման արձանագրությունների իրավաչափությունը բողոքարկվել է

Աշոտ Գևորգյան
Պաշտպանական կողմի դիրքորոշում այն է, որ եղել է թյուրիմացություն է, քանի որ Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն ունեցել և ինֆորմացվել են միայն ձերբակալման պահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալման արձանագրությունների իրավաչափությունը բողոքարկվել է դատարանում, որոշումը կլինի այսօր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գևորգյանի և Բադալյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։
Նա նշեց, որ Գևորգյանը և Բադալյանը ձերբակալվածի կարգավիճակով հարցաքննվել են և ցուցմունքներ տվել։
«Երեկ մեծածավալ քննչական գործողություններ են իրականացվել։ Պաշտպանական կողմի դիրքորոշում այն է, որ իրենք որևէ առնչություն չունեն սույն քրեական գործի շրջանակներում։ Ինձ թվում է` ընդամենը թյուրիմացություն է, քանի որ դրա մասին որևէ տեղեկություն չեն ունեցել և ինֆորմացվել են միայն ձերբակալման պահին»,–ասաց Գրիգորյանը։
Այս պահի դրությամբ Աշոտ Գևորգյանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Միկա Բադալյանը` Կապան քաղաքի։
Գրիգորյանը հավելեց, որ նախաքննության ընթացում դեռ շատ գործողություններ պետք է իրականացվեն` հարցաքննություններ և այլն, որից հետո պարզ կլինի նրանց արձակելու կամ կալանավորելու հարցը։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։