Գարիկ Գալեյանի մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել. ՔԿ

Գարիկ Գալեյանը. Արխիվային լուսանկար
Նախաձեռնված քրեական վարույթը միացվել է ավելի վաղ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող վարույթին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի–Sputnik. Զոհվածի հայր Գարիկ Գալեյանի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փաթեթ մարիխուանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրան սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևանի Վարդանանց փողոցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են և իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության բաժին:
«Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է մարիխուանա»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմինը սեպտեմբերի 6-ին կայացրել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: