ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Երևանում կայացած առաջին ռուս-հայկական մեդիաֆորումի արդյունքներով համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրվել:
Ռուսական կողմից այն ստորագրել է ՌԴ թվային զարգացման փոխնախարար Բելլա Չերկեսովան, հայկական կողմից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը:
Ինչպես ավելի վաղ ասել էր Ծառուկյանը` ռուս գործընկերների հետ համագործակցության մասին հայտարարությունը ևս մեկ կարևոր քայլ կլինի Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների միջև համագործակցության խորացման ուղղությամբ:
Նա վստահություն է հայտնել, որ բարձրաստիճան մասնագետների կարծիքները, գնահատականներն ու մեկնաբանությունները կօգնեն ուսումնասիրել շատ հարցեր, թույլ կտան ավելի լավ ճանաչել միմյանց:
Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայկական և ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատվության պակաս կա ու կարևորվել է ապատեղեկատվության դեմ պայքարը, երկու երկրների ԶԼՄ-ների համագործակցության անհրաժեշտությունը:
Կողմերն արձանագրել են տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ պայմանավորված մարտահրավերները, երկու երկրների բարեկամական հարաբերությունները վտանգող տեղեկատվական հոսքերը և մի շարք այլ խնդիրներ: Համաժողովի մասնակիցները նաև պայմանավորվել են նպաստել հայկական և ռուսական ԶԼՄ-ների միջև համագործակցության խորացմանը, աջակցել երկու երկրների լրագրողների միջև փորձի փոխանակմանը, խթանել համատեղ մեդիա նախագծերի իրականացումը:
Ընդգծվել է տարին առնվազն մեկ անգամ հայ և ռուս լրագրողների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրագրության և մեդիայի ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը: Բացի այդ, կարևորվել է հայկական և ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանի և Ռուսաստանի մասին բովանդակության ապահովումը` ապատեղեկատվության տարածման հակազդմամբ։
Առաջին ռուս-հայկական մեդիաֆորումը անցկացվեց Երևանում սեպտեմբերի 6-ից 8-ը: Պանելային քննարկմանը մասնակցեցին ռուս և հայ հայտնի փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նախօրեին պատվիրակությունը, որի կազմում են ռուսաստանյան մեդիայի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ, հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: