Աշտարակի խճուղում «Kia»–ն բախվել է կայանած բեռնատարին. կան տուժածներ և զոհ

Փրկարարները փակել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Գիշերը վթար է տեղի ունեցել Աշտարակի խճուղում. կան տուժածներ, վթարի զոհ է դարձել 73–ամյա քաղաքացի։ Տեեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 8-ին` ժամը 00։04 –ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. «Kia» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ ուղևոր Օ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղում մահացել է»,–մանրամասնում են ՆԳՆ–ից
Նշվում է նաև, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Վթար Երևանում. կին վարորդի 2 տարեկան աղջնակին տեղափոխել են հիվանդանոց
Փրկարարները Օ․ Հ․-ի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։