Արցախում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն. ԱԱԾ–ն պատրաստ է վճռական քայլերի

Արցախի ԱԱԾ–ն
Արցախի քաղաքացիներին ԱԱԾ–ն հորդորում ու խնդրում է չտրվել սադրանքների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։ Այս մասին Արցախի ԱԱԾ–ն տարածել է հաղորդագրություն։
Նշվում է, որ Արցախի նախագահի ընտրություններով պայմանավորված` հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, որից փորձում են օգտվել տարբեր քաղաքական ուժեր` հավաքների և ցույցերի անցկացման կոչեր անելով ու փորձելով ապակայունացնել իրավիճակը։
«Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ Արցախի քաղաքացիներին ԱԱԾ–ն հորդորում ու խնդրում է չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն։
Արդեն հայտնել ենք, որ Արցախի Ազգային ժողով վաղը` սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ին երկրի նախագահի ընտրության հարցով հատուկ նիստ կգումարի։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։