Նադեժդա Սարապինա, ՌԻԱ Նովոստի
Բրազիլիան 24 տարվա ընթացքում առաջին անգամ միլիոնավոր դոլարների ռուսական ուրան է գնել։ Բացի այդ, «Ռոսատոմը» վառելիքով կապահովի երկրի միակ ատոմակայանը: Վերսկսվել են մատակարարումները Հնդկաստան, իսկ ԱՄՆ-ն ավելի քան երկու անգամ ավելացրել է ներմուծումը։ Միայն կես տարվա ընթացքում Վաշինգտոնը Մոսկվային գրեթե 700 միլիոն դոլար է վճարել։
Լավ մոռացված հինը
Այս տարի Բրազիլիան 18,9 միլիոն դոլարի 27,1 տոննա ռուսական հարստացված ուրան է ներմուծել և 52,7 միլիոն դոլարի՝ 26,9 տոննա բնական հումք։ Նախորդ գնումները եղել են համապատասխանաբար 1999-ին և 1998-ին։ Ընդորում, արդեն միքանի տարի է` «Ռոսատոմը» բժշկության համար օգտագործվող իզոտոպային արտադրանքի խոշորագույն մատակարարներից մեկն է։
2022 թվականին բրազիլացիները բնական ուրանը ձեռք էին բերում Մեծ Բրիտանիայից (23,5 միլիոն դոլարի), Ղազախստանից (17,3 դոլարի) և Կանադայից (4,6 միլիոն դոլարի)։ Հարստացված ուրանը՝ նույն Մեծ Բրիտանիայից՝ 13,7 միլիոնի, Գերմանիայից՝ 1,1 միլիոնի, Շվեդիայից՝ 893 հազարի և ԱՄՆ-ում` ընդամենը հինգ հազար դոլարի։ Հիմա գրեթե ամբողջը Ռուսաստանն է տրամադրել, միայն ամերիկացիները2,2 հազար դոլարի աղքատացած ուրան են բերել։
Չորս տարվա ընդմիջումից հետո ՌԴ-ն 13,5 միլիոն դոլարի 118 տոննա հումք է ուղարկել Հնդկաստան։ «Ռոսատոմը» մասնակցում է «Կուդանկուլամ» ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցմանը, քննարկվում են արտադրական հզորությունների համատեղ ավելացման հեռանկարները: Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը դա բացատրում է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Նրա կարծիքով` էներգիայի պակասորդ ունեցող տարածաշրջանները, որոնք նախկինում կենտրոնացած էինգազի վրա, ստիպված են այլընտրանք փնտրել։
Նույնիսկ ԱՄՆ-ում, չնայած Ռուսաստանի հետ առևտրային կապերը խզելու ձգտմանը, կես տարվա ընթացքում ավելի քան կրկնակի ավելացրել են գնումները՝ հասնելով տեղական շուկայի 32 տոկոսին։ ԱՄՆվիճակագրական ծառայության տվյալներով՝ դա առավելագույնն է 2005 թվականից ի վեր։ 416 տոննայի դիմաց Մոսկվան ստացել է 696,5 միլիոն դոլար։
Տեխնոլոգիական գերազանցություն
Արևմուտքն այդպես էլ պատժամիջոցներ չսահմանեց ռուսական ատոմային արդյունաբերության դեմ, սերտ փոխգործակցությունը մինչ օրս չի դադարում։ Եվ սա ոչ այնքան ռեսուրսային բազայի արդյունքն է, որքան տեխնոլոգիական գերազանցության։ «Հարստացման տեխնոլոգիա հատուկենտ երկրներ ունեն, ընդ որում՝ ոմանք դադարել են դրանք զարգացնել։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն։ 2027-ից շուտ նրանք չեն կարողանա վերականգնել սեփական արտադրությունը, այդ պատճառով նրանք չեն կարող հրաժարվել մեր հարստացված ուրանից»,-բացատրում է էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիկինը։
«Մենք վառելիքով ենք ապահովում աշխարհի ատոմային ռեակտորների գրեթե կեսը։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում նման հզորություններ չկան»,-ավելացնում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Բացի այդ, Ռուսաստանը ԱԷԿ-ի կառուցման, վառելիքի արտադրության և վերամշակման հսկայական փորձ ունի։ Բացի Հնդկաստանից, «Ռոսատոմը» նախագծեր է իրականացնում Թուրքիայում՝ «Աքքույու» ԱԷԿ-ը, Եգիպտոսում՝ «էլ Դաբաա»-ն, Հունգարիայում՝ «Պակշ-2»-ը, Բանգլադեշում՝ «Ռուպպուր»-ը, Չինաստանում՝ «Չյանվան»-ը և «Սյուդապու»-ն: Ընդհանուր առմամբ՝ 33 բլոկ:
Կորպորացիան յուրացնում է նաև միջուկային վառելիքի փակ ցիկլի տեխնոլոգիան։ Դա թույլ կտա վերաօգտագործել մշակված վառելիքը, միջուկային էներգիա ապահովել մոտակա հազարամյակի համար և ռեակտորները գործնականում վերածել հավերժական շարժիչների: Համապատասխանաբար, էներգիան կէժանանա։ Բելոյարսկի ԱԷԿ-ում էներգաբլոկների կեսն արդեն այդպես էլ աշխատում է՝ արագ նեյտրոններով։
Դա փորձում էին անել թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Բրիտանիան, թե՛ Ճապոնիան։ Բայց չէր ստացվում, և նորարարական նախագծերը փակեցին։ Միայն Ռուսաստանը հաջողության հասավ։ Բազմաթիվ մրցակիցների թվում մոտակա հեռանկարում միայն Չինաստանն է։
Ապագայի պահուստներ
Իհարկե, տեխնոլոգիական գերազանցությունն ինքնին հաճախորդներ դեռ չի երաշխավորում: Փորձագետները ենթադրում են, որ Հնդկաստանին ու Բրազիլիային զեղչերով են գայթակղել: Ամեն դեպքում, բարձր որակն ու գրավիչ գները Ռուսաստանին թույլ կտան ամրապնդվել այդ շուկաներում, նշում է Ֆինանսական համալսարանի ռազմավարական և նորարարական զարգացման դեպարտամենտի դոցենտ Միխայիլ Խաչատուրյանը:
Եվ սա դեռ միայն սկիզբն է, վստահ է Խազանովը։ Միջուկային էներգիայի զարգացման հարցում Նյու Դելիի մասշտաբային ծրագրերը դժվար է կյանքի կոչել առանց Մոսկվայի։
Մատակարարումների դիվերսիֆիկացիան նվազեցնում է հնարավոր հերթական պատժամիջոցներից կորուստները, ընդգծում է Պիկինը։
«Զանազան տարբերակների մշակումը ժամանակ է պահանջում, պետք է համոզվել, որ ամեն ինչ գործում է։ Առաջին հերթին դա լոգիստիկայի և բարդ փոխարկելի արժույթներով, ինչպիսին է հնդկական ռուփին, հաշվարկների խնդիր է»,-պարզաբանում է նա։
Վերլուծաբանները քիչ հավանական են համարում նաև Արևմուտքի հրաժարվելը միջուկային էներգետիկայի ոլորտում առևտրից: Այսպես, Նիգերում տեղի ունեցած հեղաշրջման պատճառով, որտեղ ուրանի մեծ պաշարներ կան, Ֆրանսիայի համար վառելիքը կթանկանա, ստիպված կլինեն այլ տարբերակներ փնտրել։ Իսկ քանի որ 2026-ից հետո աշխարհում արդյունահանման անկումը՝ հանքավայրերի սպառման պատճառով, շատ իրական է, հուսալի մատակարարներին ավելի ու ավելի բարձր են գնահատում։ Կմեծանա նաև թափոնազուրկ ռեակտորների կառուցման պահանջարկը, իսկ այս հարցում Ռուսաստանն առայժմ մրցակիցներ չունի։