ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի զորավարժությունները «անցողիկ» կլինեին 10 տարի առաջ, բայց ոչ հիմա․ Սոլովյով

Ռուսաստանում Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությանը նախորդ տարիներին տարբեր աստիճանի ըմբռնումով էին վերաբերվում, բայց Արևմուտքի հետ առճակատման ուժգնացման պայմաններում շատ քայլեր շատ ավելի սուր են ընկալվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի հետ համատեղ Հայաստանի զորավարժությունները և Հռոմի ստատուտի վավերացման ծրագրերը նախկինում այլ կերպ կդիտարկվեին Ռուսաստանի կողմից, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Sputnik Արմենիային ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը Ռուս-հայկական առաջին մեդիաֆորումի շրջանակներում` մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը։
Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միայն մեկ ուժային կենտրոնից կախվածությունը ռազմավարական սխալ է եղել։
«Սա, իմ կարծիքով, ահազանգ է ոչ միայն մեր հարաբերությունների համար՝ հաշվի առնելով ընդհանուր բարդ ռազմավարական իրավիճակը։ Այդ թվում Հայաստանի համար, քանի որ հուսալի դաշնակցի վրա հենվելը` հանուն սեփական անվտանգության ապահովման, չափազանց կարևոր է համեմատաբար փոքր երկրի համար»,-ասել է Սոլովյովը։
Փորձագետի կարծիքով՝ ներկայումս նկատվող միտումները, անկասկած, տագնապալի են և մտածելու տեղիք են տալիս։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշման, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ նախատեսվող զորավարժությունների վրա: Եթե դա տեղի ունենար 10 տարի առաջ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում սուր ենթատեքստ չկար, ապա դրանք, հավանաբար, «անցողիկ» միջոցառումներ կլինեին բազմավեկտորության շրջանակներում, որը միշտ գոյություն է ունեցել Հայաստանում։
Կոմպլիմենտարության այս քաղաքականությանը, Սոլովյովի խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունն ու հասարակական կարծիքը տարբեր աստիճանի ըմբռնումով էր վերաբերվում` հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը: Դա աշխարհագրական մեկուսացումն է, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը որպես հարևան, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար ցանկացած այլընտրանքային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը և այլն։
ԱՄՆ–ին ձեռնտու է թույլ Հայաստանը, այդ դեպքում ավելի հեշտ է կառավարել. քաղաքագետ
Բայց հիմա, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև փոխգործակցության հարցերում կոնֆլիկտի աճը, բնականաբար, որոշ ժեստեր և բառեր բավականին սուր են ընկալվում։
Նա հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումը և նմանատիպ այլ միջոցառումները կօգնեն ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումը, որ հայկական կողմը կկարողանա հաշվի առնել ՌԴ մտահոգությունները: Ռուս մասնագետներն իրենց հերթին Հայաստանում լսածը, այդ թվում` փակ քննարկումների ընթացքում լսածը, որպես նյութ կօգտագործեն ինտելեկտուալ-վերլուծական ապագա աշխատանքի համար:
Առաջին ռուս-հայկական մեդիաֆորումը ընթացել է Հայաստանում սեպտեմբերի 6-8-ը: Նախօրեին պատվիրակությունը, որի կազմում են ռուսաստանյան մեդիատարածքի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ, հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: