Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է արցախցի շուրջ 35 երիտասարդի

Արցախցի երիտասարդները Գարեգին 2-ին են ներկայացրել ծրագրերը, որոնք անում են Արցախի խնդիրներն աշխարհին լսելի դարձնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի շուրջ 35 երիտասարդների։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամլո դիվանը։
Հանդիպման ժամանակ երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունները, որոնց նպատակն է հայ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետին և անվտանգային խնդիրներին։
Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել երիտասարդ արցախցիներին ու իր գնահատանքը բերել նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու քաջարի ոգու դրսևորման համար։
Նորին Սրբությունը հորդորել է երիտասարդներին անկոտրում կամքով շարունակել իրենց պայքարը հանուն արցախահայության ազատ, անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի։
Վերջում կաթողիկոսը պատասխանել է արցախցի երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։