ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ-խմբ.) ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին ձերբակալվել են Գորիսում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ: