ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստի» շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։
«Բարձրորակ բիզնես կապը միջազգային շուկայի հետ կխթանի հայաստանյան գործարար համայնքի հաղորդակցությունը միջազգային գործընկերների հետ, կապահովի լավագույն փորձի փոխանակում ուղիղ կապով, շուկայական հետազոտությունների մեծ բազայի հասանելիություն (ներառյալ՝ տվյալների աղբյուրներ), մրցակցային հետազոտություններ, ոլորտային և պետությունների վերաբերյալ հաշվետվություններ և այլն»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Մեկնարկային փուլում կներդրվի շուրջ 211,553,497 մլն ԱՄՆ դոլար։ Ուղղակի ստեղծվող աշխատատեղեր կլինեն՝ ոչ պակաս, քան 10.000 աշխատող:
Որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը կօտարվի հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%: