ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից:
Իսկ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5–ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Նա մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։