ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն այսօր այցելել է Ուկրաինայի կրթության նախարարություն և մարդասիրական օգնություն ցուցաբերել առցանց կրթություն ստացող ուկրաինացի դպրոցականներին։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Հակոբյանը դպրոցականներին է նվիրաբերել 1050 գաջեթ (սմարթֆոններ, պլանշետներ և նոթբուքներ): Նա նվերները փոխանցել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Օկսեն Լիսովոյին։
Նշվում է, որ գաջեթները այն դպրոցների աշակերտների համար են, որոնք անցել են առցանց կրթության։
«Նրանք կռիվների պատճառով տեղահանված երեխաներ են, հաշմանդամություն ունեցող երեխաներ, անապահով ընտանիքների կամ ծնողական խնամքից զրկված երեխաներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ նոթբուքներն ու պլանշետները կփոխանցվեն ուսումնական հաստատություններին, իսկ սմարթֆոնները կտրամադրվեն երեխաներին, որպեսզի նրանք կարողանան շփվել իրենց հասակակիցների հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը Կիև է մեկնել` մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին։Ավելի ուշ նա ֆեյսբուքյան էջում գրեց, որ այդ գագաթնաժողովում բարձրացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման հարցը։