ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն, ապա 480 հազար դրամով հանձնել վարձակալության։ Գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ:
«Իր կողմից գլխավորած մրցույթում նա հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին լիազորված անձանց միջոցով ինքն իր հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով»,– ասված է հաղորդագրությունում:
Պայմանագիրը կնքելուց հետո Վ.Ե.-ն վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը:
Արդյունքում՝ 2007-2010 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:
Պարզվել է նաև, որ Վ.Ե.-ն 2005 թվականին համայնքային սեփականություն հանդիսացող 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով, տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: Վերջինս էլ նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետև «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2005-2012 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:
2023 թվականի հունվարի 24-ին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից: Սակայն ապրիլի 14-ին գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը:
Օգոստոսի 12-ին Վ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):