Լաչինի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները տեղափոխվել են Հայաստան

Լաչինի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները
Արցախցի երիտասարդներն առևանգվել էին օգոստոսի 28-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված, այնուհետև Բաքվում ձերբակալված Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի 3 բնակիչներին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում։
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկություն տարածեց, թե 3 երիտասարդներ ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։