ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Աղքատացված ուրանով արկերն Ուկրաինային հանձնելու որոշման պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ ղեկավարության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ նման որոշումը շատ վատ նորություն է և բավականին ցավալի հետևանքներ կունենա, ինչպես դա պատմության մեջ եղել է նախկինում։ Կարելի է նույնիսկ ասել, որ Ուկրաինայի տարածքում, որտեղ կկիրառվեն արկերը, կարողէ կրկնվել նույն իրավիճակը, ինչ Հարավսլավիայում:
«Դա վատ է։ Դա արդեն Եվրոպայի նոր պատմության մեջ էր, այդ ռումբերն ակտիվորեն կիրառվում էին Հարավսլավիայի նկատմամբ։ Արկերի կիրառումը շատ ու շատ տխուր հետևանքներ է ունեցել, որոնք արձանագրվել են անգամ միջազգային կազմակերպությունների կողմից։ Եվ այդ արկերի օգտագործումը հանգեցրել է ուռուցքաբանությամբ և այլ հիվանդություններով տառապողների թվի սրընթաց աճի։ Այդ հետևանքները զգացվում են նաև նրանց հաջորդ սերունդների վրա, որոնք ինչ-որ կերպ շփվել են դրա հետ և գտնվել այդ զենքի կիրառման շրջաններում», – ընդգծել է Պեսկովը։
Նման որոշում կայացնելու պատասխանատվությունը, նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, անկասկած, կընկնի բացառապես ԱՄՆ ղեկավարության վրա։ Եվ բոլորը պետք է գիտակցեն հետևանքները։
Ուկրաինային աղքատացրած ուրանով զինամթերք փոխանցելու վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերի մասին հայտնի էր դարձել դեռ մարտին: Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն Կիևին 175 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում աղքատացրած ուրանով արկեր կտրամադրի: