ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանում փողոցային առևտրով զբաղվող մարդկանցից ապրանքի առգրավումը լուրջ արդյունքներ է տվել` ծավալները նվազել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
«Խրոնիկ խնդիր է, որի դեմ տարբեր ժամանակներում տարբեր միջոցներով պայքարել են քաղաքային իշխանությունները ։ Այս տարբերակը խնդրի վերջնական լուծում չէ, բայց բավական լուրջ արդյունքներ է տվել, հիմա վերահսկողությունն է՛լ ավելի պետք է ուժեղացնել»,– նշեց նա։
ՀՀ ազգային ժողովը 2023 թ. մարտի 22-ից սահմանափակել է փողոցային առևտուրը Երևանում։ Փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման։ Մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ վաճառականներ են տուգանվել, և նրանց ապրանքն առգրավվել է, սակայն մի քանի օր անց նույն մարդիկ նույն վայրում կրկին առևտուր են իրականացրել։ Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` մարդկանց մեկ օրով եկամտից զրկելու իմաստը ո՞րն է, եթե նրանք կրկին շարունակելու են իրենց գործունեությունը։
«Սա շատ նուրբ հարց է, միշտ չէ, որ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, երբեմն դա պարզապես բիզնես է։ Այդ մարդիկ պատրաստ են անգամ համայնքային տուգանքներին, որովհետև նրանց աշխատած գումարն ավելի շատ է»,– ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց` այն առևտրականներին, որոնք իսկապես առևտուր են անում օրվա հացի գումար վաստակելու համար (նրանք հիմնականում սեփական այգում աճեցրած գյուղատնտեսական ապրանքը վաճառողներն են) քաղաքապետարանն առաջարկում է առևտուր իրականացնել հատուկ առանձնացված վայրերում։
«Վերջերս Դավթաշեն վարչական շրջանում եղել եմ նման առանձնացված տարածքում։ Բավական բանուկ տեղ էր` կենտրոնական այգու մոտ, այնտեղ մարդկանց մեծ հոսք կա։ Առևտուրը տեղայնացված էր, տնտեսվարողը գոհ էր»,– ասաց նա ու ավելացրեց, որ շուտով նման առանձնացված տարածքներ կլինեն Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Ինչ վերաբերում է վաճառականներից առգրաված ապրանքին, ապա քաղաքապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ դրանք պահվում են հատուկ պահեստներում, երբեմն էլ հնարավորություն է տրվում, որ վաճառողները հետ բերեն իրենց ապրանքը` կախված նրանից, թե որերորդ անգամ է դեպքը կրկնվում։