ՀՀ–ն քննադատում է ՀԱՊԿ-ին, բայց դուրս գալու հարց այժմ օրակարգում չկա. փոխարտգործնախարար

Պարույր Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը պնդում է, որ բոլոր գործընկերների հետ էլ լինում են տարաձայնություններ, բայց չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչի հետ է կապված վերջին շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը։
«Գիտեք, լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ են, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ։ Ռուսական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ աշխատում ենք»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր ունի օրակարգում փոխնախարարն ասաց, որ չնայած ՀՀ–ն քննադատում է ՀԱՊԿ-ին, մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը օրակարգում չէ։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
Նշենք, որ պաշտոնապես պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Իսկ մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
Միաժամանակ երկրի ղեկավարությունը հանդես է գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական չտալու և դաշնակցին օգնություն ցույց տալու ցանկության բացակայության կամ անկարողության համար։