ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետաձգել է նախատեսված այցը Կիպրոս։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Այցի հետաձգման պատճառների մասին չի հաղորդվում։
Իր հերթին Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալասը հայտարարել է, որ այցը հետաձգվել է Հայաստանի շուրջ իրավիճակի սրման պատճառով: X-ի իր միկրոբլոգում Յորգալասը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ հետ «իրավիճակի սրման պատճառով Կիպրոս իր ծրագրված այցի չեղարկումից հետո»:
Յորգալասի խոսքով՝ կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Հունաստանի հետ եռակողմ ձևաչափով ուշագրավ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում:
«Ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին։ Մեր փոխադարձ ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում` հենց որ հանգամանքները թույլ տան»,– գրել է Յորգալասը։
Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ են ստացվում Հայաստանի և Արցախի մերձակայքում Ադրբեջանի կողմից զորքերի և տեխնիկայի կուտակումների մասին: