ՀՀ արտաքին քաղաքականությունը որոշ քաղաքական գործիչների զգացմունքների գերին է. Խաչիկյան

Արթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Փորձագետի խոսքով` Հայաստանի իշխանությունները տարբերություն չեն տեսնում անհրաժեշտ, իրական քայլերի և ձևական, երկրորդական, սիմվոլիկ գործողությունների միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է առանձին քաղաքական գործիչների հայացքների ու զգացմունքների գերին։ Sputnik Արմենիայի եթերում քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանն այսպես է մեկնաբանել ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը, այդ կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչին հետ կանչելը, ինչպես նաև հայ-ամերիկյան առաջին զորավարժությունների անոնսավորումը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ: Հայտարարված նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է։
Խաչիկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները տարբերություն չեն տեսնում անհրաժեշտ, իրական քայլերի և ձևական, երկրորդական, սիմվոլիկ գործողությունների միջև: Զորավարժությունների անցկացումը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին միջոցառում, այլ ավելի լայն իմաստով՝ պատրա՞ստ է արդյոք ԱՄՆ - ն անվտանգության երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակչությանը։
«Հարցն այն չէ` զորավարժություններ կանցկացվեն, թե ոչ։ Հարցն այն է` արդյոք Միացյալ Նահանգներն ունեն համապատասխան ուժեր և քաղաքական կամք, որպեսզի այդպիսի քայլերի դիմեն մեր տարածաշրջանում։ Զորավարժությունը, իհարկե, կարող է ինչ-որ քաղաքական կամ բարոյական ճնշում գործադրել մեր հակառակորդի վրա, բայց միայն զորավարժություններով հարցը չի լուծվելու»,–նշեց քաղաքագետը։
Ընդ որում, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հրաժարվում են իրական քաղաքականությունից ՝ տրվելով էմոցիաներին։
Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահներին, Խաչիկյանը նկատեց, որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, նրանք չեն կարող իրական անվտանգություն ապահովել։ Իսկ հայ-ամերիկյան զորավարժությունները սոսկ սիմվոլիկ քայլ են, որոնք իրավիճակը դեպի լավը չեն փոխի։ Ավելին` այն կարող է անդրադառնալ Իրանի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
ԱՄՆ-ի հետ զորավարժությունների Երևանի ծրագրերը ցուցադրական արևմտամետ քայլեր են. փորձագետ
«Հայաստանը փորձում է ամեն ինչ անել բոլորի հետ, բայց արդյունքում ոչինչ չի ստացվում, իսկ այդ քայլերը կարող են միայն վնասել Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերություններին։ Հենց այդ պատճառով է, որ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը լուրջ չեն ընդունում գործող կառավարությանը և չեն վստահում»,–ասաց նա։
Խաչիկյանի կարծիքով` եթե ԱՄՆ-ն պատրաստ է հայտարարել, որ թույլ չի տա էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, պատրաստ է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը և ռազմական օգնություն տրամադրել, ինչպես դա արվում է Ուկրաինայում, ապա այդ ամենն իմաստ ունի: Սակայն, ըստ քաղաքագետի, եթե զորավարժությունները հերթական շոուն են, ինչպիսին քիչ չեն եղել, ապա դա միայն կխանգարի Երևանին։
«ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը, կազմակերպությունում մշտական ներկայացուցչին հետ կանչելը նույն քաղաքականության շարունակությունն են։ Երևանը շարունակում է վնասել ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, բայց մենք դրանց այլընտրանք այդպես էլ չենք տեսնում», - ընդգծեց քաղաքագետը։
Խաչիկյանը կարծում է, որ քաղաքականությունը պետք է կառուցել՝ հաշվի առնելով, թե որ երկրներն ինչ շահեր ունեն տարածաշրջանում, որ գերտերություններն են պատրաստ ապահովել անվտանգությունը։ Դրանից հետո միայն պետք է որոշել, թե ում հետ անցկացնել զորավարժություններ։
«Իրավիճակը շատ նման է 1920-ի իրավիճակին, երբ Հայաստանին ռազմական և դիվանագիտական որոշակի օգնություն ցուցաբերեցին Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Բայց, ի վերջո, Հայաստանը մենակ մնաց Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի առջև»,–ասաց նա։
Խաչիկյանի խոսքով` ակնհայտ է, որ այժմ Հայաստանը փորձում է աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել, բայց նախ պետք է հասկանալ՝ արդյոք ԱՄՆ–ն կամ ԵՄ–ն պատրաստ են Երևանին ռազմական օգնություն տրամադրել, ռազմաբազա տեղակայել և այլն։
ԱՄՆ-ն, ըստ քաղաքագետի, հայտարարում է ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում ռազմավարական շահերի մասին: Եվրոպական առաջնորդները Բաքվի մասին խոսում են որպես վստահելի գործընկերոջ։ «Մենք չենք կարող իրենց համոզել, որ դա այդպես չէ»,–հավելեց Խաչիկյանը։
Նշենք, որ Հայաստանը մասնակցում Է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչպես նաև անդամակցում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդին, որտեղ իրականացնում է գործընկերության գործողությունների անհատական ծրագրեր (ԱԳԳԾ):
Հայ-ամերիկյան զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունացմանը. Պեսկով